Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Բարսելոն», «Բավարիա», «Պարի Սեն Ժերմեն», «Աթլետիկո»

«Բարսելոն», «Բավարիա»,  «Պարի Սեն Ժերմեն», «Աթլետիկո»
14.03.2014 | 12:57

Կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին քառյակի պատասխան հանդիպումները: Ընթերցողը պիտի որ անվրեպ հիշի` սա այն քառյակն էր, որը սկզբունքորեն առաջին խաղերում էր լուծել մեկ քառորդ դուրս գալու խնդիրը` պատասխան հանդիպումները վերածելով զուտ ձևականության: Եվ, այսուհանդերձ այնպես էլ չէր, որ այդ խաղերը զուրկ կլինեին հմայքից` չխոսելով արդեն խնդրի գեղագիտական կողմի մասին, քանի որ… Էլ ի՞նչ քանի որ, եթե խաղադաշտ են դուրս գալիս ֆուտբոլիստներ, ովքեր համաշխարհային ֆուտբոլի առաջին մեծության աստղեր են, ուրիշ ինչի՞ սպասում կարելի է ունենալ:

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ
Այո՛, այո՛, գերմանական մեքենա, որքան էլ այս արտահայտությունն ընդունված է կիրառել երկրի հավաքականի առնչությամբ: Այդպիսին է և «Բավարիան», որն ապշելու որակի խաղ է ցուցադրում նաև Յուպ Հայնկեսից հետո, Խոսեպ Գվարդիոլայի օրոք, ով, թվում էր, թե, ի տարբերություն իր նախորդի, ավելի շուտ ու ավելի շատ ռոմանտիկ ֆուտբոլի ջատագով է: Բայց ո՞վ է ասել, որ ցավի հաճույքի կողքին հաճույքի ցավ չկա: Չլինենք պրոզաիկ` այն էլ այն դեպքում, երբ Դանիել Վարուժան գիգանտ պոետ ունեցող ազգ ենք, ով իր նրբագեղ քնարերգությունում հաճույքի ցավը հրաշալի սահմանազատել է ցավի հաճույքից: Ինչևէ: Մեր մեծագույնին իր ապշեցուցիչ պոեզիայով թողնենք մի կողմ` մի այլ պարագայում շատ ավելի հանգամանալից անդրադառնալու պատրաստակամությամբ ու տեղափոխվենք ֆուտբոլային պոեզիա:
Իհարկե, կգտնվեն որոշ անպատրաստներ (քավ լիցի, խոսքը մեր հիմնական ընթերցող զանգվածին չի վերաբերում), ովքեր կառարկեն` ասելով, թե 1:1 հաշվով ավարտված խաղի մեջ ի՞նչ պոեզիա, ու չարաչար կսխալվեն: Ես այստեղ ավելի քան դիպուկ մի համեմատություն կօգտագործեի` ասելիքը հաշտարար սիրո մահիճ տեղափոխելով, բայց դա ավելի շատ ինտիմ զրույցի ոլորտից է, ուստի, եթե կլինեն ակնարկս չհասկացածներ, զանգեք` կմանրամասնենք, իսկ հիմա բավարարվենք այս թերասացությամբ ու շարժվենք առաջ: «Արսենալը», այո, սեփական դաշտում 0։2 հաշվով պարտությունից հետո պատասխան խաղում բավարարվեց ոչ-ոքիով` 1:1, ու այստեղ, ավելի քան համոզված եմ, գործեց ֆուտբոլային ջենթլմենությունը: Համենայն դեպս, Արսեն Վենգերը երեկվա տղան չէր` չհասկանալու համար, թե գոլային անհագ ծարավով այսօրվա «Բավարիան» չարանալու դեպքում ինչերի է ունակ:

ԵԹԵ ԴԱՇՏՈՒՄ ԿԱ ՄԵՍԻ
Իրապես էլ` եթե դաշտում կա մեծն Լիոնել Մեսի, ի՞նչ եք կարծում` Թաթուլ Ավոյանի կատարմանն եք ականատես լինելո՞ւ, թե՞ Լուչանո Պավարոտիի:
Էլի բան ասե՞մ, թե՞ գոհանանք այսքանով:
«Մանչեստր Սիթին» վատ թիմ չէ: «Մանչեստր Սիթին» վատ ֆուտբոլիստներ չունի, եթե չասենք` լավ ու լավից ավելի լավն ունի, բայց, ախր, հասկացեք` կա Մեսի, և կան մնացածներ: Չէ, սա կույր սեր չէ, ու ոչ ես եմ մատաղահասակ կույս, ոչ էլ դուք եք էս աշխարհից բան չհասկացողներ: Եվ ի՞նչ անի «Մանսիթին», երբ գնդակը մեկի մոտ է հայտնվում, ումից այն կարելի է զատել միայն ու միայն «վիրահատական» միջամտությամբ: Ես բնավ էլ չեմ թերագնահատում «Բարսելոն» կոչվող մեծ «նվագախմբի» մյուս վիրտուոզներին, որոնց մեջ ոչ պակաս երկրպագելի մեծություններ կան, սակայն հրաշք արգենտինացին նվագախմբի մեջ միանգամայն առանձին նվագախումբ է, նվագախումբ է նվագախմբի մեջ:
Իհարկե, կարելի էր վարվել «Բավարիայի» պես ու առաջին խաղում արձանագրված 2:0 հաշվից հետո բավարարվել միանգամայն խաղաղ 1:1-ով, սակայն հավաստի լուրեր կան, որ Դանի Ալվեսի ականջն ուրիշ բան էր ընկել` իր անձի հետ կապված, ու հաղթական գոլը խփեց մանչեստրցի երկրպագուների ջգրու: Այո, ֆուտբոլը երբեմն նման նեղ, մանր հաշվարկներ էլ է ունենում, բայց կարող է մարդու հասցեին իսկապես այնպիսի խոցող բան են ասել, որ մի փութ մեղրով էլ չէր կարող կուլ տալ: Ի դեպ, երբեմն այդ կուլ տալ չկարողանալն էլ է ֆուտբոլային ջենթլմենության արտահայտություն:
Սրանից զատ, իհարկե, մի ուրիշ բան էլ կա: Եթե հիշում եք, ներքին առաջնության վերջին խաղում «Բարսելոնն» այնքան վատ հանդես եկավ, որ անգամ իր երդվյալ հավատավորների արյունը պղտորեց: Այնպես որ, մեղք էր` պիտի հատուցվեր, պարտք էր` պիտի վերադարձվեր: Թե՛ հատուցվեց, թե՛ վերադարձվեց, ու ափսոսանքը միայն այն է, որ Պելեգրինիի թիմը եղավ զոհասեղան բարձրացվողը, թեպետ եվրոպական գրանդ ակումբները լիգայի խաղարկության այն փուլն են մտել, որտեղ ներում-բեկումն այլևս գործածությունից դուրս հասկացություն է:

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՖԱՎՈՐԻՏԸ
Ճիշտ կռահեցիք, խոսքը Մադրիդի «Աթլետիկոյի» մասին է, որը, որքան հասկանում եմ, երկրի չեմպիոնության համար դժվար թե կարողանա ոտք գցել «Բարսելոնի» ու «Ռեալի» հետ ու առավելագույն շանսը տեսնում է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում իրացվելու մեջ: Իհարկե, օրվա դրությամբ «Միլանն» այն ուժը չէր, որ կարողանար վերելքում գտնվող Սիմեոնեի թիմի հետ ճակատ ճակատի տալ, որքան էլ միլանցիներն անհամեմատ ավելի ծանրակշիռ ճամփա ունեն թիկունքում, սակայն, ինչպես գիտեք, միայն հեղինակությամբ առաջ գնալ չի լինի: Իսկ «Աթլետիկոն» ձեզ արդյո՞ք չի հիշեցնում անցած տարվա Դորտմունդի «Բորուսիան», ում ընթացքը միայն եզրափակչում կանգնեցվեց:
Ինչ եմ ակնարկո՞ւմ:
Ոչինչ էլ չեմ ակնարկում: Պարզապես փաստում եմ, որ մրցակցի դաշտում արձանագրված 1:0-ից հետո սեփական առավելությունը սեփական դաշտում «Աթլետիկոն» հավաստեց ավելի հեղինակավոր 4:1 հաշվով ու մեկ քառորդում սպասում է հերթական մրցակցին:

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մյուս ստվերային ֆավորիտն անվիճելիորեն «Պարի Սեն Ժերմենն» է` կայծակնային արագությամբ հասակ առնող թիմ, որից ամեն կարգի անակնկալ հնարավոր է սպասել: Լևերկուզենի «Բայերը», ինչ խոսք, այս փուլում նրան մրցակից չեղավ. վկան` ֆրանսիացիներից նրա կրած պարտությունը թե՛ սեփական հարկի տակ (0։4), թե՛ արտագնայում (1։2): Պատասխան խաղում, թերևս, միակ հետաքրքրությունն այն էր, թե արդյո՞ք Իբրահիմովիչը գոլ կհեղինակի ու կհասնի (գուցեև կշրջանցի) Ռոնալդուին: Այս կտրվածքով ֆուտբոլասերի սպասելիքները չարդարացան, և սա ՊՍԺ-«Բայեր» հանդիպման, թերևս, միակ ինտրիգն էր:
Ֆրանսիական ակումբն էլ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այն կլինի վերջնակե՞տ, թե՞ հաջորդ փուլի սկիզբ, դժվար է միանշանակ պատասխանել, սակայն թույլ տվեք կարծիք հայտնել, որ մեկ քառորդում նրա հանդիպումը շատ ավելի հետաքրքիր կլինի, եթե զույգ կազմի կա՛մ «Բավարիայի», կա՛մ «Ռեալի» հետ («Չելսին» միտումնավոր չեմ հիշատակում, որովհետև նա դեռ պիտի հաղթահարի «Գալաթասարայի» արգելքը, ինչին, ի դեպ, չեմ էլ կասկածում): Ինչո՞ւ եմ այսպես կարծում և չեմ հիշատակում «Բարսելո՞նը»: Թողեք սա մնա իմ փոքրիկ գաղտնիքը:

ԵԶՐԱՓԱԿՈՒՄ
Քառորդ եզրափակիչ դուրս եկած քառյակից և ոչ մեկի հարցում տարակարծություն չկար: Նրանք օբյեկտիվորեն ուժեղ էին մրցակիցներից ու դա հավաստել էին դեռևս առաջին հանդիպումների արդյունքով: Այդ հետոն է, որ հարցականներ է թողնում, և այդ հարցականները թե ո՞ւմ համար ավելի մեծ հարցականներ կլինեն, ցույց կտա վիճակահանությունը: Իսկ թե վիճակահանությունն ում դեմ ում կհանի, վաղ է ենթադրություններ անելը, որովհետև նախ դեռ պիտի հայտնի դառնան հաջորդ քառյակը կազմողները: Այնպես որ, եկեք այս մի շաբաթն էլ կլլենք: Մեզ ի՞նչ է եղել, սպասումի այսպիսի՞ շաբաթներ ենք ունեցել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ